Ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար ՌԻՇԱՐ ԿԼԱՅԴԵՐՄԱՆԸ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ համերգներ կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նախատեսվում է երկու համերգ՝ մարտի 13-ին և 14-ին՝ ժամը 19:30-ին:
«Քառասուն տարի է ելույթ եմ ունենում ամենատարբեր երկրներում, ամենատարբեր հանդիսատեսի առաջ, ու ամեն անգամ բեմ եմ բարձրանում միևնույն հուզմունքով: Ամեն համերգի ժամանակ փորձում եմ ավելի լավ նվագել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռիշար Կլայդերմանը, նշելով, որ քառասնամյա կարիերայից հետո սա իր առաջին այցն է Հայաստան:
«Կարծում եմ, երաժշտության, դաշնամուրի միջոցով կկարողանամ փոխանցել իմ հույզերը հայ հանդիսատեսին»,- ասաց նա, հույս հայտնելով, որ առաջին այցը վերջինը չի լինի, կստեղծվեն նաև այլ այցերի հնարավորություններ: Հավելեց, որ շրջապատված է հրաշալի հայ երաժիշտներով, խանդավառված, որ փորձեր է ունենալու և նվագելու է նրանց հետ:
Ո՞րն է դաշնակահարի հաջողության գաղտնիքը, որ երաժշտասերների մի քանի սերնդի համար նա շարունակում է մնալ սիրելի ու պահանջված:
«Քառասուն տարի առաջ, երբ հնարավորություն ունեցա ձայնագրելու առաջին ալբոմս, մտածում էի, որ կունենամ փոքրիկ հաջողություն Ֆրանսիայում, կվաճառեմ մի քանի սկավառակ: Բայց դրանք աստիճանաբար եվրոպական տարբեր երկրներում տարածվեցին և ունեցան մեծ հաջողություն: Բախտն ինձ իսկապես ժպտաց, քանի որ աշխարհում կան բազմաթիվ դաշնակահարներ, որոնք հրաշալի են նվագում»: Հաջողության գրավական են նաև դաշնամուրային կատարումների համար ընտրած մեղեդիներն ու դրանց գործիքավորումը: Դաշնամուրը, երաժշտի խոսքով, հրաշալի գործիք է, դրանով նա կարողացել է հուզել մարդկանց սրտերը: Մարդիկ, նրա կարծիքով, կարիք ունեն երաժշտության, որը և դասական է, և հանրամատչելի: «Ահա ինչպես է սկսվել և ինչպես է շարունակվում պատմությունը»,- ընդգծեց դաշնակահարը:
Ռիշար Կլայդերմանին կոչում են «ռոմանտիկայի արքայազն»: Որքան ինձ հայտնի է, նրան այդպես է բնորոշել ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի տիկինը՝ Նենսի Ռեյգանը: «Իրատես de facto»-ն հետաքրքվեց՝ համահո՞ւնչ է ռոմանտիկայի արքայազնի ներկայացրած ստեղծագործությունը նրա էությանը: «Ես կարծում եմ, այն երաժշտությունը, որ կատարում եմ, ներկայացնում է հենց ինձ: Դա իմ տրամադրությունն է, իմ անձը, իմ ապրելակերպը: Կա մի շատ գեղեցիկ ընհանրություն այդ երաժշտության և իմ անձի միջև»:
Հարց հնչեց՝ ի՞նչ է սպասվում առաջիկա համերգի ընթացքում:
«Նախ ուզում եմ հնարավորինս լավ նվագել,- ասաց դաշնակահարը:- Կլինեն երաժշտական հատվածներ ֆիլմերից, իմ վերջին «Ռոմանտիկա» ալբոմից, և իհարկե, կտորներ այն երաժշտությունից, որով ես սկսել եմ իմ գործունեությունը»:
Ի դեպ, ֆրանսիացի դաշնակարհի համերգացանկում տեղ է գտել Արամ Խաչատրյանի «Սարտակը»: Նա հույս հայտնեց, որ կհասցնի այս օրերին քիչ թե շատ ծանոթանալ հայկական երաժշտությանը և հետագա այցերի ժամանակ որոշ կտորներ ներկայացնել: Երաժիշտը շատ էր ուզում նաև Երևանում զբոսնելու ժամանակ գտնել: Նա իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ սիրում է լինել ծովափին, անտառում, որտեղ քիչ մարդիկ կան, սիրում է որդուն դպրոցից կամ բասկետբոլի ակումբից տուն տանել: Պարզ բաներով է սիրում զբաղվել, որոնց ընթացքում չի մտածում: Հետաքրքիր է՝ ի՞նչ մտածում նա, երբ դաշնամուրի առջև է՝ բեմում: Հավանաբար երաժշտության:
Լրագրողները հետաքրքրվեցին` երբևէ համագործակցե՞լ է հայ երաժիշտների, մասնավորապես Շառլ Ազնավուրի հետ:
Ասաց, որ բախտը չի ժպտացել, որ նվագակցի աշխարհահռչակ շանսոնիեին. «Փարիզում, առհասարակ Ֆրանսիայում, կան շատ նվագախմբեր, որտեղ նվագում են հայ հրաշալի երաժիշտներ, ես որոշ կապեր ունեմ նրանց հետ ու ամեն անգամ բացահայտում եմ ավելի լավ երաժիշտների»:
Աշխարհի ամենահաջողակ դաշնակահարը ասաց նաև, որ ամեն անգամ զարմանում է, երբ հազարավոր մարդիկ են գալիս իրեն լսելու: Որովհետև զուսպ է ու համեստ: Դրա համար կարիք ունի դաշնամուրի, որ կարողանա արտահայտվել: Երաժշտության հիմնական նպատակը համարում է հուզերի փոխանցումը: Ինքն իրեն ավելի շատ համարում է երաժիշտ, քան աստղ:
Դասական, էթնիկ և ֆիլմերի երաժշտության գործիքավորող, կատարող ֆրանսիացի դաշնակահար Ռիշար Կլայդերմանը ծնվել է 1953-ին, Փարիզում: Դաշնամուրի առաջին դասերը ստացել է երաժիշտ հորից` դեռ վաղ տարիքում, իսկ ընդամենը 12 տարեկանում արդեն կոնսերվատորիայի ուսանող էր: Կլայդերմանը իր հիմնական ժամանակը նվիրել է կատարողական գործունեությանը և աշխարհահռչակ «Բալլադ Ադելինի համար» ձայնասկավառակի թողարկմանը, որը նրան մեծ ճանաչում բերեց: Ձայնասկավառակը վաճառվեց աշխարհի ավելի քան 30 երկրներում 22 մլն օրինակով:
Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդիր, և ստեղծել է նոր ռոմանտիկ ռեպերտուար, իր յուրօրինակ ոճով միավորելով դասական և փոփ երաժշտությունը:
Հանրաճանաչ դաշնակահարը նշվել է համաշխարհային ռեկորդների Գինեսի գրքում` որպես «աշխարհի ամենահաջողակ դաշնակահար»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ